Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզի անշարժ գույքի և կադաստրի տարածքային ստորաբաժանման արանքով սև կատու է անցել: Ավելի ճիշտ` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի և կադաստրի պետ Արա Առաքելյանի: Գյումրու մեր աղբյուրների տեղեկացմամբ, Մալխասյանն ամեն կերպ փորձում է ինչ-որ կեղծիքներ հայտնաբերել ու Առաքելյանին «փուռը» տալ: Իսկ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված: Գյումրու քաղաքապետի տեղակալն այս ամենը ծրագրել է սեփական բիզնես շահերի համար: Նա Գյումրու կենտրոնում` Սայաթ-Նովա փողոցում, բացել է իրավաբանական ծառայություններ մատուցող և չափագրումներ իրականացնող կենտրոն` նպատակ ունենալով կադաստրի «հացը» խլել` իրականացնելով հողի և գույքի չափագրում:
Չնայած փոխքաղաքապետի ճիգերին, պարտադրանքներին, որ քաղաքացիները հենց իր «օֆիսի» ծառայություններից օգտվեն, մեր աղբյուրի պնդմամբ, կադաստրի ստորաբաժանումը համառորեն դիմադրում է` չինովնիկի նկրտումներին կուլ չգնալով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, այսօր Գուրգեն Մալխասյանի ֆինանսական հիմնական աղբյուրը, այսպես կոչված, «վարչական վարույթներն» են, համաձայն որոնց, իր առանձնասենյակում համապատասխան «դրույքաչափով» դատական «լսումներ» է անցկացնում: Այս գործում նրան օգնում է քաղաքապետարանի ինքնակամ շինությունների վերահսկման բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ